Ցանկացած հեռուստատեսություն երջանիկ կլիներ նրա նման բազմաշնորհ մեկնաբան-հաղորդավար և համակարգող ունենալ: Ռոբերտ Մավիսակալյանն օժտված էր հեռուստատեսային բոլոր բարեմասնություններով` խոսքի մշակույթ, նկարելու ձիրք, երաժշտական ունակություններ, մի քանի լեզվի իմացություն: Բացի այս ամենից` կիրթ անձնավորություն էր, անփոխարինելի գործընկեր: Ծանոթացանք այն օրերին, երբ վարում էր Հայ ժողովրդի պատմությանը նվիրված հեռուստաշարքը (Ս.Պողոսյանի հետ պետական մրցանակ ստացավ), որտեղ մի պատկառելի բաժին հատկացվել էր Մեծ եղեռնին: Այդ առիթով հաճախ էր հետս զրույցի բռնվում, մեր ժողովրդի մեծագույն ողբերգության այս կամ այն իրադարձությունը քննարկում: Միշտ տարակուսում էր, թե այդ հարցով ինչու եմ այդքան հետաքրքրվում:
– Դաժան թեմա է,– ասում էր,– չես պատկերացնի` ինչքան եմ ազդվում: Նյութի մեծ մասը չենք օգտագործում, ոչ մի բանական մարդ դրան չի դիմանա:
Այդ հարցում ես նրա դաշնակիցը չէի, վիճում էի, ապացուցում, որ մեր փոխարեն մեր դատը պաշտպանող չի լինելու: Նա ձեռքը սրտին էր դնում ու գլուխը խոնարհելով տեսադաշտից անհետանում:
Համազգային զարթոնքի ամենաթեժ օրերին երկուսս էլ ընտրվեցինք Հեռուստառադիոյի «հեղափոխական կուսկոմիտեի» անդամներ: «Հեղափոխականը» կատակ ածական էր, բայց մենք աշխատում էինք խորհրդային եթերի ճահճացած համակարգը փոխելու վճռականությամբ: Ռոբերտն իր տարերքի մեջ էր, նկարահանվում էր մինչև կեսգիշեր, որովհետև վերևներից նվաճված համաձայնությունը կարող էր ի չիք դառնալ, ուրեմն հերթական պայթուցիկ հաղորդումը պետք է ամբողջակած լիներ` ամեն վայրկյան եթերում հայտնվելու պատրաստ:
Մի օր նա կոմիտեի նիստին ուշացած եկավ: Այն հարցն էր քննարկվում, թե տարբեր առիթներով խորհրդային Հայաստանից հեռացած երգիչների ու երաժիշտների ձայնատեսագրությունները եթերում պետք է հնչեցնե՞լ, թե շարունակել այդ մարդկանց դավաճան համարել: Կարծիքները բախվում էին, որոշումը` ձգձգվում:
Իմանալով, թե խոսակցությունն ինչի մասին է` Ռոբերտը հուզվեց, զայրացավ.
– Չինացիները միլիարդից ավելի ժողովուրդ են, բայց եթե իրենցից մեկն Ամերիկայում նշանավոր մարդ է դառնում` փառաբանում են, նրանով հպարտանում: Մենք մեր տաղանդներից պետք հրաժարվենք, որովհետև սովետն էդպե՞ս էր ուզում:
Նիստին մասնակցում էին նաև հեռուստառադիոկոմիտեի ղեկավարները: Կես րոպե անց որոշում ընդունվեց` հայի և հայի միջև այսուհետ անջրպետներ չպետք է լինեն, ոչ կյանքում, ոչ եթերում:
Մեկ այլ անգամ նիստից միասին դուրս եկանք: Մտահոգ էր երևում, հարցրեց.
– Քո կարծիքով մեր հեռուստատեսությանն ի՞նչն է պակասում, միայն համարձակությո՞ւնը:
– Գիտելիքն է պակասում, արհեստավարժությունը:
– Ճիշտն ասած` ես այդ բառը չեմ սիրում, բայց համաձայն եմ, ոլորտում հեղաշրջում է պետք: Մի ծրագիր ունեմ, հենց որ հաստատվի` քեզ կասեմ:
Հաջորդ անգամ հանդիպեցինք, երբ տեղեկացա, որ Ռոբերտ Մավիսակալյանը հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա է հիմնում: Գնացել էի թե շնորհավորելու, թե նրա խորհուրդն իմանալու` արժե՞, որ տղաս համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը թողնի ու գա իր ակադեմիա: ՈՒրախ էր, ներշնչված, ավելի ոգևորվեց.
– Եթե շատ է սիրում` թող գա, բայց չթաքցնես, որ դա կյանքի նվիրում է, ձեռքերը ծալած նստելու տեղ չէ: Հեռուստառեժիսո՞ր է ուզում դառնալ, շատ լավ, թող գա գիտելիք ստանա, բայց պիտի տեխնիկից սկսի, հետո լուսավորող դառնա, հետո մոնտաժ անի: Իսկական մասնագետը չպետք է որևէ մեկից կախում ունենա: Հենց որ շրջապատում դա նկատեցին` խաղալիք կդարձնեն:
Եվ այս խոսքերն այն մարդն էր ասում, ով բարձրացել` հասել էր հեռուստաաստղի ամենաբարձր աստիճանին, որտեղից գլորվելու ոչ մի վտանգ վաղուց չկար: Կարծես մտածածս կռահեց.
– Երևի դու էլ ես այն կարծիքին, որ ես հեշտ ու հանգիստ եմ հաջողության հասել: Ցավոք, ամեն կարգի արգելքներ եմ հաղթահարել, մինչև ապացուցել եմ, որ մի բան արժեմ: Բայց վերջ, հագեցել եմ, հիմա մի քիչ հանգստություն եմ ուզում: Եթե ձեռք բերածիս կեսն էլ կարողանամ եկողներին փոխանցել` գոհ կլինեմ: Ինձ օգնելու ես, չէ՞:
Փորձեցի առարկել, որ ռադիոն ու հեռուստատեսությունը շատ տարբեր են, բայց նա պատճառաբանություններս չընդունեց: Համաձայնության չգալով էլ բաժանվեցինք:
Ավագ որդիս Ռոբերտի հիմնած ակադեմիայի առաջին շրջանավարտներից եղավ, ապա շատերն անցան այդ կրթօջախով, հիմա էլ անցնում են: Ավաղ, առանց Ռոբերտ Մավիսակալյանի: Կյանքի նվիրումը նրան չխնայեց, մինչդեռ լեցուն էր անհամար մտահղացումներով:
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
«Լրագրողի գանձատուփից»
http://xn--y9aaag6a2ck.am/ / Magaghat.am ՖԲ կայքից